04.11.2018
«Սպայկա». Հայաստանում արդեն գործում է հետխորհրդային շրջանի ամենամեծ ջերմոցային համալիրը
«Սպայկա». Հայաստանում արդեն գործում է հետխորհրդային շրջանի ամենամեծ ջերմոցային համալիրը

Հայաստանում արդեն գործում է հետխորհրդային շրջանի ամենամեծ ջերմոցային համալիրը տարածաշրջանում՝ զինված ժամանակակից տեխնոլոգիաներով։  Այսօր «Սպայկա» ընկերությունում 1 քմ-ից կարող են ստանալ մինչև 120 կգ վարունգ և 80 կգ լոլիկ, ինչն աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից է: Ընդհանուր առմամբ ընկերությունն այս պահին տարեկան արտադրում է շուրջ 35 000 տոննա լոլիկ և վարունգ։


Ընկերություն այցելած տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանին և գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նման տվյալներ է ներկայացրել  «Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը: ԳՆ-ից հայտնում են, նրանք մասնակցել են ֆրանսիական CIC բանկի աջակցությամբ կառուցված 20 հա լոլիկի վերջին սերնդի ջերմոցային տնտեսության բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել  նաև Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, պաշտոնատար այլ անձինք:

Ջերմոցային տնտեսությունը հագեցած է ամենավերջին տեխնոլոգիաներով, բույսերի սնուցումը, ջերմաստիճանի ու խնավության կառավարումը, պարարտացման չափաքանակներն այստեղ ավոտամատ եղանակով են կառավարվում։ Բույսի աճեցումը կատարվում է արհեստական հողածածկույթի մեջ, ինչն ամբողջությամբ կառավարելի է դարձնում հիվանդությունների կանխարգելումը, օգտագործվում են բացառապես բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը, անդրադառնալով «Սպայկայի» գործունեությանը, նշել է, որ ընկերությունն ունի հարուստ փորձ գյուղմթերքի ջերմոցային արդյունաբերական արտադրության գործում, արագ տեմպերով ավելացնում է հզորությունները՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

«Իմ կարծիքով սա Հայաստանում արդեն ջերմոցային արտադրության զարգացման երկրորդ էտապն է։ Տեսնելով այս օրինակները՝ մյուսները բնականաբար ընդօրինակելու են և ներդրումներ են կատարելու, որովհետև շահավետ է բնակլիմայական պայմանների առումով և ունենք անսահմանափակ շուկա»,- նշել է Իգնատի Առաքելյանը։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ ՀՀ ջերմոցային արտադրանքի արտահանման ծավալները կրկնապատկվել են։

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է այս տարի մեկնարկել փոքր ջերմոցների լիզինգի ծրագիր, որ թույլ կտա ընտանեկան փոքր տնտեսություններ հիմնել՝ ապահովելով բարձր եկամուտներ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նշել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը ներկայում մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում և արդեն պահանջարկ է ձևավորում եվրոպական շուկայում:

Տեղեկացնելով, որ «Սպայկա» ընկերությունն առաջիկայում արտահանումներ կիրականացնի նաև Եվրամիության երկրներ, մասնավորապես Ֆրանսիա` Սուրեն Կարայանը համոզմունք է հայտնել, որ արտադրությունը ճիշտ կազմակերպելու դեպքում հայկական արտադրանքը կլինի բավականաչափ մրցունակ:  Նա նաև տեղեկացրել է, որ հայտնվել են նոր ներդրողներ, որոնք ինչպես բանջարեղենի, այնպես էլ հատապտուղների ու ծաղիկների արտադրության նպատակով հիմնում են խոշոր ջերմոցային տնտեսություններ:

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ գյուղմթերքի որակի առումով Հայաստանն աշխարհում մեծ համարում ունի, և Ֆրանսիան մեր երկրի գյուղոլորտին մեծ նշանակություն է տալիս։

«Սա հրաշալի օրինակ է հայ-ֆրանսիական հաջողված համագործակցության։ Ֆրանսիական ձեռնարկությունը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում հայկական գործընկեր կազմակերպությանը՝ նոու-հաուի փորձի ներդրման հարցում»,-նշել է դեսպանը՝ կարծիք հայտնելով, որ ֆրանսիական ներդրումները Հայաստանի գյուղոլորտում կլինեն շարունակական՝ հաշվի առնելով ոլորտի մեծ ներուժը։

«Սպայկա» ընկերության առաջիկա ծրագրերի թվում Կարեն Բաղդասարյանը մասնավորապես նշել է Երևանի Նորագավիթ թաղամասում 50 հա ջերմոցի կառուցումը, բացի այդ ավարտին է մոտենում բորբոսով պանրի գործարանի շինարարությունը: «Ապահովվելու է մոտ 70 աշխատատեղ, տեխնոլոգիապես բարձր հագեցած գործարան է լինելու, նման գործարան նույնպես տարածաշրջանում չկա», - նշել է Կարեն Բաղդասարյանը:

Արմավիրի մարզում առաջիկայում ընկերությունը նախատեսում է հիմնել մի քանի հարյուր հեկտար ինտենսիվ այգիներ, ընդլայնվում են բողկի արտադրության ծավալները, Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում կառուցվում է լոգիստիկ կենտրոն, որտեղ կլինի բողկի վերամշակման արտադրամաս:

 

Источник: https://www.panorama.am/am/news/2018/04/11/%D5%8D%D5%BA%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1-%D5%AC%D5%B8%D5%AC%D5%AB%D5%AF/1932174