Չնայած հարկերից խուսափելու մասին քրեական գործին, «Սպայկա» ընկերությանը հաջողվել է պահպանել Հայաստանից մրգի արտահանման ծավալները։ Թեպետ ստիպված էին հրաժարվել որոշ հեռանկարային նախագծերից։
«Սպայկա» ընկերությունը շարունակում է նախկին ծավալներով մրգեր գնել ու արտահանել։ Այս մասին Դիլիջանում կայացած միջազգային ներդրումային համաժողովի ընթացքում Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության նախագծերի գծով մենեջեր Կարեն Բաղդասարյանը։
Այս ապրիլին ձերբակալվել էր «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը։ Պետեկամուտների կոմիտեն ընկերությանն ու դրա հետ փոխկապակցված կառույցներին մեղադրել էր 7 միլիարդ դրամի հարկերից խուսափելու մեջ։ Դրանից հետո միրգ ու բանջարեղենի արտահանում իրականացնող այս ընկերությունները` «Սպայկայի» գլխավորությամբ, հայտնել էին, թե ստիպված են 80 համայնքներում դադարեցնել միրգ ու բանջարեղեն գնելու գործընթացը, քանի որ որոշ բանկեր հրաժարվել են իրենց վարկ տրամադրել։
Այնուամենայնիվ, ձեռնարկությանը հաջողվել է ամբողջ ծավալով վերականգնել մթերումը, իսկ գլխավոր տնօրենը դրամական գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նա նույնպես ներկա էր Դիլիջանում անցկացվող համաժողովին։
Կարեն Բաղդասարյանը պարզաբանեց, որ շրջանառության միջոցներ գտնվել են Nasdaq OMX տեղական հիմնադրամային բորսայում բաժնետոմսեր թողարկելու հաշվին։
«Մթերումն ավելի լավ կազմակերպելու համար հարյուր նոր բեռնատար ենք գնել։ Այժմ դրանք մաքսազերծման փուլում են», – ավելացրեց նա։
Բաղդասարյանի խոսքով` այս տարի մրգի նորմալ բերք է ակնկալվում։ Խնդիրներ են առաջացել ծիրանի ու կեռասի վաղ հասնող տեսակների հետ։ Ծաղման շրջանում դրանց փոշոտմանը մի փոքր խանգարել են գարնանային անձրևները, հատկապես `Արարատի մարզում։
Հարկայինի հետ խնդիրներից առաջ` մարտի կեսին, ընկերությունը նոր արտադրություն է բացել ու սկսել է եվրոպական բորբոսապանիրներ արտադրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր բացմանը։ Բաղդասարյանն ավելացրեց, որ, բարեբախտաբար, հաջողվել է պահպանել այդ նախագիծը։
«Շուտով առաջին խմբաքանակը կթողարկենք։ Արդեն արտահանման գործարքներ ունենք կնքած, բայց մթերքի մի մասը ներքին շուկայի համար է», – ասաց նա։
Բայց մեկ այլ նախագիծ է ձախողվել։ Արտահանողներն ուզում էին կթի ավտոմատ սարքեր ու կաթի պաստերացման ցիստեռներ բաժանել գյուղացիներին ` տարաժամկետ վճարման պայմանով։
«Ցավոք, ստիպված էինք վերանայել այդ ծրագիրը։ Բայց գյուղացիներից շատերը մտադիր են ինքնուրույն գնել տեխնիկան. դրանով գումար վաստակելու հնարավորություն են տեսնում։ Մենք պատրաստ ենք գնել կաթը բազային գնով` լիտրի համար վճարելով 190 դրամ։ Դա 30%–ով գերազանցում է շուկայական միջին գինը։ Բացի այդ, գյուղացիների հետ տարեկան պայմանագրեր ենք կնքում, որոնցով շնորհիվ նրանց ավելի հեշտ են վարկ տրամադրում», – ավելացրեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք` հարկայինի խնդիրների պատճառով, Եվրասիական զարգացման բանկը ժամանակավոր դադարեցրել է «Սպայկա» ընկերությանը վարկի տրամադրումը։ Ընկերությունը պատրաստվում էր այդ գումարով արդիականացնել արտադրությունն ու պահեստային տարածքները։