Հայկական թարմ մրգերը եւ բանջարեղենը կարող են հայտնվել Արեւելյան Եվրոպայի սուպերմարկետներում: Այս մասին նոյեմբերի 7-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռնարկություն կատարած այցի ժամանակ, լրագրողներին հայտնել է «Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
Ռուսական շուկայում դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկման պատճառով տուժել են այն երկրները, որոնց փոխարժեքը նվազել է նույն ծավալներով: «Սակայն մենք կարողանում ենք աշխատել նաեւ նոր շուկաներ որոնելու շնորհիվ: Այս տարվանից սկսվել է Արեւելյան Եվրոպա արտահանումը, իսկ մինչեւ տարեվերջ մենք ուզում ենք այնտեղ պայմանագրեր կնքել խոշոր մանրածախ ցանցերի հետ»,- ասել է նա:
Ընկերության պլանների թվում է նաեւ պտուղ-բանջարեղենային պահածոների արտադրություն եւ Volvo բեռնատարների սպասարկման կենտրոն բացելը: Եթե հիմա ընկերությունում աշխատում է մոտ 250 մարդ, ապա 2 նոր նախագծերը կապահովեն ևս 100 եւ 25 տեղ:
Աղբյուր՝ http://news.am/arm/news/294991.html