«Սպայկա» ընկերությունը այս տարի մի քանի խոշոր ծրագրեր է նախաձեռնել, որոնց շրջանակում 2017 թ. ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կանի Հայաստանում, ինչը հնարավորություն կտա 390 նոր աշխատատեղ ստեղծել: Այս մասին այսօր՝ ապրիլի 19–ին, լրագրողներին ասել է ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։
Այսօր նախագահ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է տարածաշրջանի առաջատար ագրոհոլդինգ՝ «Սպայկա» ընկերության Երեւանում գտնվող գլխամաս: Ընկերության պատասխանատուները ներկայացրել են, որ 2016թ. դրությամբ «Սպայկա»-ի ուղղակի ներդրումները կազմել են 86 մլն ԱՄՆ դոլար, ընկերությունն ունեցել է 926 մշտական աշխատատեղ, իսկ 2017թ. տարեվերջին ներդրումների ընդհանուր չափը կկազմի 154 մլն ԱՄՆ դոլար, մշտական աշխատատեղերի քանակը կհասցվի 1316-ի:
Սերժ Սարգսյանը եղել է «Վոլվո» ընկերության բեռնատարների տեխսպասարկման նորագույն սարքավորումներով հագեցած կենտրոնում եւ «Սպայկա»-ի հյութերի ու պահածոների արտադրության գործարանում, ծանոթացել ընկերության ձեռքբերումներին, այդ թվում՝ արտահանման ծավալներին ու զարգացման ծրագրերին:
«Սպայկա» ընկերության պատասխանատուների հավաստմամբ, 2017 թվականին ընկերությունը զարգացնում է կաթի արտադրության և վերամշակման ուղղությունը՝ շարունակելով ներդրումները ինտենսիվ այգիների ու ջերմոցաշինության ոլորտում: «Սպայկա»-ի ծրագրերից է նաև հայկական ապրանքների օնլայն խանութի՝ «Արմզոն» ծրագրի իրականացմամբ այնպիսի հարթակի կազմակերպումը, որը հնարավորություն կտա Հայաստանի բոլոր արտադրողներին առանց միջնորդների ու սուպերմարկետների անմիջականորեն մուտք ունենալ ՌԴ հիմնական քաղաքներ` կարճ ժամկետում և մատչելի գներով ռուսաստանյան սպառողին հասցնելով վերոնշյալ օնլայն հարթակում նրա ընտրած հայկական ապրանքատեսակները:
Աղբյուր՝ https://news.am/arm/news/385476.html