Մոտ մեկ ամսից համացանցում հասանելի կդառնա օնլայն գնումների Armzon հարթակը, որը Մոսկվայի բնակիչներին հնարավորություն կտա հայկական արտադրության ապրանքներ պատվիրել հենց Հայաստանից եւ երեք օրվա ընթացքում ստանալ պատվերը:
Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ծրագրի նախաձեռնող «Սպայկա» ընկերության Նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
Նախատեսվում է, որ կայքում ներկայացված կլինի հայկական մոտ 2000 արտադրողի 10 000 անուն ապրանք, այդ թվում՝ սննդամթերք, հագուստ եւ արվեստի գործեր: Ընդ որում, իրենց արտադրանքը կարող են ներկայացնել հայկական բոլոր արտադրողները, թե մանր եւ միջին ձեռնարկատերերը, թե խոշոր արտադրողները։
«Այս հարթակի գլխավոր առավելությունն այն է, որ ներկայացված ապրանքները երկու անգամ ավելի էժան են լինելու, քան հիմա վաճառվում են Մոսկվայում: Բացի դրանից, այստեղ ներկայացված է լինելու հայկական արտադրության ամբողջ տեսականին, մինչդեռ այսօր Մոսկվայում ներկայացված է շատ փոքր տեսականի, որոնք մի քանի միջնորդի միջոցով են հասնում սպառողին»,– ասաց Կարեն Բաղդասարյանը:
Armzon.am կայքի միջոցով գնումներ կարող են կատարել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք, սակայն գնման նվազագույն չափը պետք է լինի առնվազն 50 000 դրամին համարժեք ռուբլի: Կայքում վճարում կարելի է անել միջազգային բոլոր տեսակի քարտերով:
Փոխադրումն ու առաքումն իրականացնելու է «Սպայկա» ընկերությունը, որը երաշխավորում է, որ պատվիրատուն այն կստանա պատվերը առնվազն երեք օրվա ընթացքում:
Առայժմ առաքումը հասանելի կլինի միայն Մոսկվայի տարածքում, սակայն հետագայում ծրագրվում է աշխարհագրությունն ընդլայնել՝ ներառելով Ռուսաստանի այլ շրջաններ:
Այս ծրագրում «Սպայկա» ընկերությունը ներդնում է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար: Armzon հարթակը մեկն է «Սպայկա» ընկերության՝ 2017թ. մի քանի խոշոր ծրագրերից, որոնց արդյունքում ընկերությունը մտադիր է 390 նոր աշխատատեղ բացել եւ մոտ 70 մլն դոլարի ներդրում իրականացնել:
Աղբյուր` https://news.am/arm/news/385436.html